Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ԱՐՈՆՅԱՆԸ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԱՐՈՆՅԱՆԸ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
02.11.2010 | 00:00

Նոյեմբերի 5-ին Մոսկվայի պետական հանրախանութի ցուցասրահում կմեկնարկի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարը, որի մասնակիցներից կլինի նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարին կմասնակցեն ևս ինը ուժեղագույն գրոսմայստերներ` Վլադիմիր Կրամնիկը, Պավել Էլյանովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Ալեքսեյ Շիրովը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան և Վան Հաոն: Ըստ ՖԻԴԵ-ի սանդղակի` մրցաշարը 21-րդ կարգի է, միջին գործակիցը` 2754: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 14-ին, իսկ դրանից երկու օր անց նույն տեղում կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին երկու շրջանով կմասնակցի 20 շախմատիստ: Տալի հուշամրցաշարի մասնակիցների մեծ մասին կմիանան ևս մի քանի ուժեղ գրոսմայստերներ, մասնավորապես, Մագնուս Կառլսենը, Ռուսլան Պոնոմարյովը, Թեյմուր Ռաջաբովը, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Մովսիսյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և այլք:
Վերջին երկու մրցաշարերում Լևոն Արոնյանը լավ մարզավիճակում էր և զգալիորեն բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Հուսանք, որ Մոսկվայում ևս նա կցուցադրի իր բարձր կարգը և մեզ ուրախանալու հերթական առիթը կտա:
Նախորդ համարում գրել էինք, որ ՖԻԴԵ-ն դեռ չի ստացել սեպտեմբերին Շանհայում կայացած մրցաշարի արդյունքները, որտեղ Լևոն Արոնյանը հանդես էր եկել ոչ այնքան հաջող: Եթե այդ արդյունքները չամփոփվեին, ապա նոյեմբերյան աղյուսակում Լևոնը կլիներ առաջինը: Սակայն, ինչպես երևում է, չինական կողմը վերջին պահին, այնուամենայնիվ, ներկայացրել է տվյալները, և վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակը ստացել է հետևյալ տեսքը.
1. Անանդ 2804
2. Կառլսեն 2802
3. ԱՐՈՆՅԱՆ 2801
4. Կրամնիկ 2791
5. Տոպալով 2786

Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Վարկանիշային նոր աղյուսակի մասին ավելի մանրամասն` «Իրատես de facto»-ի հաջորդ համարում:

Դիտվել է՝ 18700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ